ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Երկուշաբթի որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, հայտնում է գլխավոր դատախազության կայքը։
Ըստ հաղորդագրության` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի (Ալեք Ենիգոմշյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:
Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ նա բերման էր ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։