ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը մրցակցին գերազանցում էր մի քանի անգամ, ՀԱՕԿ-ին ասաց գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը` մեկնաբանելով հայ բռնցքամարտիկի առաջին հաղթանակը Օլիմպիադայում։
«Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ` նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»,- ասաց Աղամալյանը։
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլլ Ուիլսոնն Ուինսթոնն էր:
Կողային հինգ մրցավարներն էլ յուրաքանչյուր ռաունդում 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին Վլադիմիր Մարգարյանին: Արդյունքում ստացվեց 30:27՝ հօգուտ հայ բռնցքամարտիկի: Հաջորդ մենամարտը Մարգարյանը անցկացնելու է օգոստոսի 9-ին նրա մրցակիցը լինելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասը:
Հաղթական մեկնարկից հետո Վլադիմիր Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ առաջին հաղթանակը յուրաքանչյուր մրցաշարում միշտ էլ շատ դժվար է տրվում: «Հաղթանակը՝ հաղթանակ, բայց ես այնքան էլ գոհ չեմ իմ մենամարտելուց»:
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հինգ բռնցքամարտիկով: