Լաուրա Սարգսյան, Sputnik.
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Վերնիսաժի, որը Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկն է, սեփականատերերը որոշել են ապամոնտաժել այն. «պահպանել հինը և, միևնույն ժամանակ, նրան նոր շունչ հաղորդել»։
Վերնիսաժի հեքիաթը, սակայն, բախվեց դառը իրականությանը։ Այստեղ արդեն 25 տարի աշխատող մարդկանց համար Վերնիսաժը ոչ միայն ազգային արվեստի կենտրոն է, այլև երկրորդ տուն։ Ստույգ հայտնի չէ, թե քանի մարդ է աշխատում Վերնիսաժում։
Ասում են, ավելի քան 300, որից 30-ը զբաղվում է ձեռագործությամբ։ Այդ մարդիկ հիմա վախենում են անօթևան մնալ։ Բանն այն է, որ ձեռագործ իրերը վաճառվում են Վերնիսաժի սկզբնական մասում (Հանրապետության հրապարակի կողմից)։
«Մեզ նոր տարածքներ են խոստացել, որոնց համար պետք է նախկինի չափ վճարեինք, սակայն այսօր, երբ շինարարությունն ավարտին է մոտենում, մեկ քառակուսի մետրի արժեքը բարձրացել է 10 անգամ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վերնիսաժի աշխատող Ջուլիետա Ավետիսյանը։ Նրա խոսքով, եթե նախկին մեկ քմ-ի համար վճարում էին 100 դրամ, ապա հիմա պետք է վճարեն 1000 դրամ։ Վերնիսաժի աշխատողներին պահանջվում է 3-5 մետր։
«Նրանք մոռանում են, որ մենք ձեռագործ աշխատանք ենք վաճառում։ Ես մեկ ամիս աշխատում եմ երեք մետր երկարությամբ թանկարժեք սփռոցի վրա և լավագույն դեպքում վաճառում 50 000 դրամով», — ասաց Ավետիսյանը։
Նա կարծում է, որ եթե սակագնային քաղաքականությունը չփոխվի, ստիպված կլինի ամսական վճարել 90 000 դրամ կամ ընդհանրապես հրաժարվել աշխատանքից։
Բացի այդ, մարդիկ պահանջում են պահպանել Վերնիսաժի կոլորիտը, որը արհեստավորների և արվեստագետների յուրահատուկ կենտրոն է։
Նրանց աջակցում է Հայաստանի Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը։
«Մենք ցանկանում ենք, որ Վերնիսաժն առաջվա նման հետաքրքիր վայր լինի, որտեղ հավաքվում են արվեստի վարպետներ, հմուտ արհեստավորներ, այլ ոչ թե սոսկ առևտրի կետ դառնա բաց երկնքի տակ»,- ասաց Մանասյանը։
Նրա կարծիքով` Վերնիսաժը վաղուց կորցրել է իր իրական դեմքը, և քաղաքապետարանը պետք է լրջորեն զբաղվի այդ հարցով։