ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամին ավելացել է նաև քաղաքականը:
Հասարակությունը դեգրադացվում է, պետական իշխանությունն ընդունակ չէ խնդիրները լուծելու, իսկ քաղաքական ուժերը զբաղված են բացառապես իշխանության հասնելու մրցավազքով:
Հայաստանյան ներկա իրավիճակն այսօր այդ կերպ բնութագրեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք որոշել են սեփական ուժերով լուծել երկրում կուտակված խնդիրները:
«Մենք ձգտում ենք, որ այն ամենը, ինչի համար պայքարում ենք փողոցներում, թողնեն, որ անենք: Իրականացնենք մեր տնտեսական ծրագրերը, արհմիություններ ստեղծենք»,- ասում է «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհանիսյանը՝ հավելելով, որ նման օգնության կարիքն այսօր առավելապես ունեն նաև հայրենիքի նվիրյալ ազատամարտիկները։
«1990 թ.-ից ես զբաղվել եմ ազատամարտիկների սոցիալական հարցերով, և այդ տարիներից ի վեր ինձ համար շատ դժվար է եղել ազատամարտիկ- պետություն կապի բացակայության պատճառով։ Իսկական նվիրյալի, իրական ազատամարտիկի արժեքը շատ ցածր է»,- ասաց «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանը:
Այս իրավիճակից ելք առաջարկելու, կուտակված հարցերը սեփական ուժերով լուծելու համար հասարակական երեք կառույցները համագործակցության հուշագիր են ստորագրել իրենց զինակից ընկեր ազատամարտիկներին աջակցելու նպատակով:
Ծրագիրը, «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանի խոսքով, ներառում է ոչ միայն նյութական, այլև իրավաբանական աջակցություն, հատկապես՝ մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ազատամարտիկների համար:
«Օրենսդրական դաշտում այսօր ամբողջ համակարգը հարմարեցված է օլիգարխների շահերի սպասարկմանը: Մենք այնպիսի ընթացքի մեջ ենք հայտնվել, որ օլիգարխը ծնում է իշխանություն, իշխանությունը ծնում է օլիգարխ: Պետք է կարողանանք հասարակական այնպիսի մոտեցումներ մշակենք, որ ժողովրդի ցանկություններն իրականացնենք»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:
Նախաձեռնության հեղինակները պատկերացնում են իրենց գաղափարների իրագործման ուղին և հուսով են, որ նախաձեռնությանը կմիանան այլ հասարակական կազմակերպություններ ու անհատներ։