ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. 31-րդ օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին մեդալների համար առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտնելու ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: 60 կգ քաշային կարգում մեր մարզիկն առաջին գոտեմարտում մրցելու է ավստրիացի Լյուդվիգ Պայշերի հետ:
Հաղթանակի հասնելու դեպքում հայ ձյուդոիստի մրցակիցն է լինելու հոլանդացի Ջերոն Մոորեն և ռուս Բեսլան Մուդրանով զույգի հաղթողը:
Sputnik Armenia-ն կապ է հաստատել Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ մեր մարզիկի մարզավիճակը ճշտելու և վիճակահանության արդյունքները քննարկելու համար:
«Ռիո դե Ժանյերոյում մենք թեթև մարզումներ ենք անցկացնում` շատ լավ հասկանալով, որ պետք է պատրաստ լինենք փորձությանը: Իզուր չէ, որ նշում եմ «փորձություն» բառը: Մրցումների բոլոր մասնակիցներն էլ եկել են հաղթելու և արդյունքի հասնելու համար: Այս տեսանկյունից վիճակահանությունը շատ չեմ կարևորում: Մենք ամեն ինչ անելու ենք մեդալ վաստակելու համար, իսկ դրա համար հարկավոր է հաղթել: Պարզ է, որ մեկնարկային հաղթանակը կարևոր է, բայց հաղթել է պետք բոլոր գոտեմարտերում: Մենք հաղթական են տրամադրված, թե ինչ կստացվի, կիմանանք արդեն վաղը»,- ասաց Կարեն Սիմոնյանը: