ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի-Sputnik. Իրան-Հայաստան երրորդ Բարձրավոլտ էլեկտրագծի և «Նորավան» ենթակայանի կառուցման աշխատանքները Սյունքի մարզում ընթացքի մեջ են:
Դրանց ավարտը նախատեսված է 2017 թ-ի սեպտեմբերին, և շինարարության պատասխանատուների հավաստմամբ, չի ուշանա:
Ծրագրի արժեքը, ԲԷՑ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալ Սմբատ Արշակյանի խոսքով, 107 մլն 900 հազար եվրո է, որն ամբողջությամբ տրամադրում է իրանական կողմը:
«Հաշվի առնելով, որ «Նորավան» ենթակայանից գիծը գնում է մինչև Դդմաշեն (նախկինում նախատեսված էր՝ Հրազդան, բայց Հրազդանում Գազպրոմը չհամաձայնեց ենթակայան կառուցել, մենք ստիպված էինք Դդմաշենում կառուցել), որտեղ հիմա նախագծային աշխատանքներ են ընթանում, և եթե նույնիսկ մենք գիծն արագ կառուցենք, միևնույն է, Դդմաշենը հանդիսանում է այն հանգույցը, որը գիծը պետք է կապի ամբողջ համակարգի հետ։ Այդ տեսակետից մենք ժամկետը մի փոքր երկարացնելու հնարավորություն ունենք»,- ասաց Սմբատ Արշակյանը:
Աշխատանքների իրականացմանը որոշ չափով խոչընդոտում է նաև շինարարության տարածքում սեփականաշնորհված հողերի առկայությունը:
Արշակյանի խոսքով, մեծ դժվարություն է ներկայացնում ֆիզիկական անձանց պատկանող հողակտորների ձեռքբերումը, քանի որ դրանց տերերը Հայաստանում չեն, և շատերի գտնվելու վայրը ճշտել չի հաջողվել:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար:
Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում նախանշված է նաև Իրան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտը:
Այդ երկու էլեկտրահաղորդման գծերի շահագործումը, Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, հնարավորություն կտա 15 մլրդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանել:
«Որպեսզի պատկերացնեք 15 մլրդ ԿՎտ/ժամը, նշեմ, որ մեր ներքին սպառումը 5,5 մլրդ է: Այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի մենք կարողանալու ենք արտահանել: Դրա համար մեզ պետք կլինեն նոր արտադրական հզորություններ, որին միտված են մեր բոլոր էներգետիկ ծրագրերը»,- ասաց փոխնախարարը:
Արդյունքում Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի տարանցման երկիր՝ միանալով իրանական, վրացական էներգահամակարգերին և Իրանի միջոցով՝ տարածաշրջանի այլ երկրների համար:
Իրանը կկարողանա Հայաստանի միջոցով Վրաստան կամ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանել և հակառակը:
Էլեկտրաէներգիայի միավորի արժեքը Հայաստանում կփոքրանա, և կնվազի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը: