ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած 58-ամյա Քաջիկ Գրիգորյանը մահացել է հուլիսի 30-ին։ Ինքնահրկիզման փորձ անելու պահին մարդիկ փորձել էին նրան օգնություն ցուցաբերել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գրիգորյանը լրացուցիչ այլ հիվանդություններով էլ է տառապել է: Ըստ շրջանառվող լուրերի` Քաջիկ Գրիգորյանն ուներ իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ: Ի թիվս այս խնդրի, Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին ինքնահրկիզման դիմած մարդը ստանում էր մեթադոնային բուժում, որը հատուկ է թմրամոլներին:
Այս և մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի այրվածքաբան, Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցի հետ:
- Պարո´ն Դավիդյանց, ճի՞շտ են տեղեկությունները, որ Քաջիկ Գրիգորյանը իմունային անբավարարության վիրուս ուներ:
— Այո´, նա գրանցված էր մեզ մոտ: Նա տեղյակ էր իր խնդիրների մասին: Մեթադոնային բուժում էր ստանում, թմրամոլ էր: Նրա բուժումը պարբերական բնույթ էր կրում, սահմանված կարգով մորֆի էր ընդունում:
- Ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Գրիգորյանի ինքնահրկիզման ժամանակ նրա մոտ գտնվողներին: Արդյո՞ք վարակվելու հավանականություն կա:
— Ես այս պահին կդժվարանամ ասել` հավանականությունը որքան կարող է լինել: Բժշկական տեսանկյունից դա կարող է շատ չնչին լինել, մինչդեռ օրենքի տեսանկյունից` պարտադիր է, որ նրանք բուժզննում անցնեն: Բայց հավանականությունը, մեծ հաշվով, չնչին մաս է կազմում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա գտնվողներին:
– Այն մարդիկ, ովքեր նրան օգնություն են ցույց տվել, դիպել են նրա բաց վերքերին, կարող են բուժզննում անցնել. դա անվճար է: Պարզապես անվտանգության և ապահովության համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի, լույս 31-ի գիշերը Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո Բաղրամյան փողոց հասած ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց, տղամարդուն արագ տեղափոխեցին հիվանդանոց:
Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից ավելի վաղ հայտնել էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: