ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել որում հայտարարում է, թե հուլիսի 29-ին, ժամը 21-23-ը ՊՊԾ գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակել են Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, բնակելի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով:
«Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել,-ասված է հաղորդագրության մեջ:- Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել»:
Այսպիոսվ, ԱԱԾ-ն հայտարարում է, որ տեղի ունեցածից հետո «սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները, և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հաձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար»:
ԱԱԾ-ն Խմբի անդամների մինչև 17.00-ն ժամանակ է տալիս զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար, հակառակ դեպքում հայտարարելով, որ իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի: