ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik.Արմենուհի Մխոյան. Մեկ շաբաթ կպահանջվի, մինչև դատավորը որոշում կայացնի՝ ընդունե՞լ դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը, թե ոչ:
Այս անգամ դատական նիստին միջնորդություններ ներկայացնելու հերթը դատապաշտպանինն էր:
Ըստ էության, բոլոր միջնորդությունները վերաբերում էին փաստաբան Թամարա Յայլոյանի՝ որպես Պերմյակովի պաշտպան հանդես գալու գործողությունները և արձանագրությունները անթույլատրելի ճանաչելուն:
Խոսքը նախ վերաբերում է Պերմյակովի ռուս իրավաբանների առաջին հարցաքննության արձանագրությունը:
Արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ, երկրորդ` ըստ գործող օրենքի, ռուսական կողմի հարցաքննության ժամանակ հայ պաշտպանը իրավունք չուներ ներկա գտնվելու:
Դատապաշտպանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ճանաչել նաև Պերմյակովի անձնական խուզարկության այն արձանագրությունը, որում նշված է, որ սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգրավվում են:
Միջնորդությանը միացան նաև Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:
«Այս դեպքում կապ չունի, թե որ կողմն ենք գտնվում. եթե մի միջնորդություն բխում է օրենքից, կարծում եմ, այն պետք է բավարարվի: Պերմյակովի դատավճիռը որևէ կերպ դրանից չի փոխվի, բայց դնել մեղադրանքի վրա ապօրինի ձեռք բերված ապացույց՝ անթույլատրելի է: Հիմա ռուս քննիչներն են սխալվել, թե հայ փաստաբանը՝ նրանք իրավունք չունեին այս փաստաբանին ներգրավվել՝ քննչական մարմնի կանչով որպես պաշտպան,»,-դատական նիստի ավարտին նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Մեր ամբողջ ցանկությունն է՝ հնարավորինս նպաստել օրինական դատավճռի կայացմանը, և, եթե անթույլատրելի ապացույցներ դրվեն մեղադրանքի հիմքում, այդուամենայնիվ, դատավճիռը խոցելի կլինի»,-նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին: