ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք Համաշխարհային շախմատային օլիմպիադային, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
Նրա խոսքով` այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի խորհրդակցության ժամանակ։ Լպուտյանը չնշեց, թե հավաքականը հատկապես ինչ պատճառով է հրաժարվել շախմատային օլիմպիադայի մասնակցությունից։
42-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան կմեկնարկի սեպտեմբեի 1-ին և կավարտվի նույն ամսվա 14-ին։
Մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել Համաշխարհային շախմատային օլիմպիադային։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել էր, որ դա կարող է աջակցել ժողովուրդների միջև փոխվստահության հաստատմանը։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի ժամանակ շախմատիստներն օրինակ կծառայեն աշխարհի բոլոր երկրներին, որ պետք է ապրել խաղաղության և բարեկամության մեջ, առավել ևս հիմա, երբ աշխարհում հարյուրավոր զինված հակամարտություններ են մոլեգնում։