ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Խորենացի փողոցում հուլիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած բախման հետևանքով տուժած և հիվանդանոց դիմած 51 քաղաքացիներից 40-ն արդեն դուրս է գրվել։ Տեղեկությունը հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` բուժհաստատություններում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը։
Անցած գիշեր ոստիկանությունը ժամը 4։30-ի սահմաններում հատուկ գործողություն իրականացրեց Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում և րոպեների ընթացքում ցրեց ցույցը։ Մինչ այդ հուլիսի 20-ի երեկոյան բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջեցին լուծել ներսում գտնվող անձանց սննդի խնդիրը։ Հետո Նրանք քարեր նետեցին ոստիկանների վրա, նրանք էլ պատասխանեցին լուսաձայնային և ծխային նռնակներով։
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։