ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը զինված խմբի գրաված ոստիկանության ՊՊԾ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումից հետո 50-ից ավելի մարդ է դիմել բուժօգնության, հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Հուլիսի 21-ի, ժամը 02: 30-ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ տեղեկատվության` այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը հուլիսի 20- լույս 21-ի գիշերն առավոտյան ժամը 4։30-ի սահմաններում հատուկ գործողություն իրականացրեց Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում և րոպեների ընթացքում ցրեց ցույցը։ Մինչ այդ հուլիսի 20-ի երեկոյան բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջեցին լուծել ներսում գտնվող անձանց սննդի խնդիրը։ Հետո Նրանք քարեր նետեցին ոստիկանների վրա, նրանք էլ պատասխանեցին լուսաձայնային և ծխային նռնակներով։
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։