ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի-Sputnik. Արմենուհի Մխոյան. 22 ամյա Սանասարը պարտադիր զինծառայությունից հետո հեշտությամբ կայացրեց պայմանագրային ծառայության անցնելու որոշումը. զինվորական գործը շարունակելու է, քանի որ այլեւս չի կարող ապրել առանց տանկի:
Անկեղծանում է. «Տանկն ինձ համար կենսաձև է դարձել: Ինչպես մարզիկի համար սպորտն է իր ապրելու իմաստը, այնպես էլ ինձ համար՝ տանկը: Կյանքս առանց տանկի այլևս չեմ պատկերացնում»:
Գյումրեցի տանկիստ, կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը կմասնակցի ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին:
Սանասարի համար սա առաջին մրցույթը չէ, դեռ ժամկետային ծառայության տարիներին՝ 2014 թվականին, մասնակցել է ԼՂՀ ՊՆ «Տանկային մրցույթ»-ին՝ գրավելով առաջին տեղը, ավելի ուշ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ և ԼՂ ՊԲ «Լավագույն տանկիստ» մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը, 2014 թվականի հուլիսին ՌԴ-ում «Տանկային երկամարտ» միջազգային մրցույթին՝ երկրորդ հորիզոնականը:
Սանասարը զորացրվել է 2015-ին, սակայն զինվորական գործի նկատմամբ սերը, հատկապես տանկիստի մասնագիտությանն արդեն սիրահարված տղան Գյումրու զորամասում անցնում է պայմանագրային ծառայության:
Ռուսաստանում անցկացվելիք Միջազգային բանակային խաղերին 18 երկիր կպայքարի լավագույնի տիտղոսի համար:
«Հայաստանը ներկայացնող խումբն այս անգամ պատրաստվել է շատ ավելի լավ: 2014 թվականի մրցումները ցույց տվեցին, որ չենք զիջում ոչ ոքի»,- վստահեցնում է Սանասարը:
Գյումրեցի տանկիստը խոստանում է իր ընկերների հետ այս անգամ էլ բարձր պահել ՀՀ զինված ուժերի անունն ու վստահ է՝ «Կարևոր է լավ տեխնիկա ունենալը, բայց ավելի կարևոր է գիտելիքը: Ամենից առաջ վախը հաղթահարել է անհրաժեշտ, ճիշտ կատարել հրամանատարների ցուցումները»։