Sputnik Արմենիայի մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է Հովհաննես Դավթյանի և նրա անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ:
-Պարոն Սիմոնյան, ե՞րբ սկսեցինք նախապատրաստվել օլիմպիական խաղերին:
— Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո մեր բոլոր մարզումները արդեն կարելի է համարել օլիմպիական խաղերի նախապատրաստություն: Ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել մի քանի երկրում: Հուլիսի 16-ին էլ վերադարձանք Տոկիոյից, որտեղ նորից ծանրաբեռնված մարզումներ ու սպարինգներ ունեցանք:
-Հովհաննեսի մարզավիճակը ինչպե՞ս կգնահատեք:
— Մենք նախատեսված ծրագրով առաջ են շարժվում: Մեզ համար կարևորը մրցումների օրը լավ մարզավիճակում լինելն է, և այդ արդյունքին հասնելու համար քայլ առ քայլ շարժվում ենք առաջ:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դավթյանից:
— Մեր մարզաձևը շատ մեծ անակնկալներ ու գաղտնիքներ ունի: Դավթյանը շատ փորձառու ձյուդոիստ է, դրանում ոչ մի կասկած չկա: Յուրաքանչյուր մրցաշարում նա կարող է և՛ հաղթել, և՛ պարտվել: Այնպես որ մենք պատրաստվում ենք օլիմպիական մրցաշարին մեր առավելագույն հնարավորություններով, իսկ թե ինչ արդյունք կունենանք, ցույց կտա ժամանակը:
Հովհաննես Դավթյանը բազմիցս և տարբեր կարգի մրցումներում ապացուցել է իր բարձր կարգը՝ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր: Հաղթանակներ է տարել Մեծ սաղավարտի և Մասթերս կարգի մրցումներում։ Աշխարհի գավաթակիր է:
-Հովհաննես, մարզիչդ նշեց, որ ձյուդոն հարուստ է անակնկալներով: Դու ի՞նչ կարծիքի ես:
— Իհարկե, համաձայն եմ: 60 կգ քաշային կարգում այս պահի դրությամբ ես եզրափակում եմ վարկանիշային ցուցակի տասնյակը: Այդ տասնյակից ու նույնիսկ մի քանի աստիճան էլ ներքև տեղ զբաղեցնող յուրաքանչյուր ձյուդոիստ կարող է օլիմպիական մեդալ վաստակել: Հենց սա է մեր մարզաձևի յուրահատկությունը: Այնպես որ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալով՝ պետք է կարողանաս տատամիի վրա ցուցադրել քո վարպետությունը: Մեկ ակնթարթ կորցնում ես ուշադրությունդ, ու անմիջապես հետևում է պատիժը` մրցակցի հնարքի տեսքով:
-Դու օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունես։ Ինչո՞վ են տարբերվում օլիմպիական խաղերը մյուս մրցաշարերից:
— Ընդհանուր առմամբ առաջին հայացքից տարբերություն չկա: Նույն տատամին, հայտնի մրցակիցներ, ու պետք է հաղթել: Բայց օլիմպիական խաղերի հոգեբանությունը լրիվ այլ է: Լարվածությունն էլ շատ բարձր է: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ օլիմպիական նախկին չեմպիոն չկա: Իսկ ահա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նախկին բառը օգտագործվում է, երբ փոխվում է չեմպիոնը: Սպորտային աննկարագրելի տոն է, և բոլորն էլ ձգտում են իրենց անունը այդ տոնի մեջ անմահացնել: Մենք էլ կփորձենք:
-Ի՞նչ է քեզ համար օլիմպիական մեդալը:
— Ես արդեն 20 տարի մեծ սպորտում եմ, և եթե հաջողվի կանգնել պատվո պատվանդանին, անսահման երջանիկ կլինեմ: Օլիմպիական մեդալը կլինի երկար տարիների իմ աշխատանքի արդյունքը, կլինի իմ կարիերայի հիանալի վերջաբանը, կլինի ոչ միայն իմ, այլև մարզչիս աշխատանքի գնահատականը: Ամեն ինչ կանեմ մեդալով տուն վերադառնալու համար: