ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի-Sputnik. Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում բողոքի ակցիայի մասնակիցներին` զերծ մնալ արկածախնդիր քայլերից:
Երևանում ՊՊԾ գնդի զավթված շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել: Նրանք կանգնած են ոստիկանների շարասյան դիմաց և սպասում են նոր ակտիվիստների: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն արյունահեղությունը կանխելն է իրավապահ մարմինների կողմից հնարավոր հատուկ գործողության դեպքում: Զրահաբաճկոններով և սաղավարտներով ոստիկանները երկու շարքով կանգնել են ցուցարարների դիմաց: Տեղում է նաև ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
«Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ: Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ»,- ասվում է հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա:
«Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպես, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել»,- ասվում է հայտարարությունում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ կձեռնարկի հակաահաբեկչական միջոցառումներին խոչընդոտելու դեպքում:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։