ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք:
ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության համաձայն, այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը:
ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը և դեպքերի ուսումնասիրությունները:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։