ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Նիսում ահաբեկչությունից մեկ օր անց «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 84 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում է ալիքը, ահաբեկիչները հայտնել են այդ մասին իրենց ԶԼՄ-ների միջոցով:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի Անգլիական ափին Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությանը մասնակցող մարդիկ ահաբեկչության զոհ են դարձել։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։
Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը դա ահաբեկչություն է որակել։ Թունիսի ներքին գործերի նախարարությունը պարզել է ահաբեկչի անձը, նա 31-ամյա Մոհամեդ Բուհլելն է` երկրի արևելքում գտնվող Մսակեն քաղաքից։