ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Թուրքիա կմեկնեն հուլիսի 18-ին, որտեղ կքննարկեն Ղարաբաղի խնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳն ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին։
«Մենք սպասում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Թուրքիայում երկուշաբթի, որտեղ քննարկելու ենք ղարաբաղյան կարգավորման հարցը։ Հանդիպմանը մենք կներկայացնենք թուրքական կողմի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և կծանոթանանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ընթացող վերջին գործընթացներին», — ասել է Չավուշօղլուն։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։