ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։
Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից` հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։