ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունից երեք օր անց «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կրկին կարմիր գորգ հայտնվեց:
Առիթը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ներկայացված հայկական ֆիլմի պրեմիերան էր: Կարմիր գորգի վրայով անցան հրավիրված հյուրերը, շոու բիզնեսի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները և պարզապես հայկական ֆիլմի սիրահարները:
Այդ ամենը տեղի էր ունենում հայտնի ֆիլմերի երաժշտության ներքո: Ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ հեղինակը` շնորհակալություն հայտնելով ֆիլմի ստեղծմանը մասնակցած երկրներին (Լիտվա, Շվեդիա, Լիբանան), ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնել էին ֆիլմը կյանքի կոչելու գործում:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության ֆոնին: Սա այն հազվադեպ ֆիլմերից է, որը նվիրված է այդ թեմային: Դիտումից հետո ռեժիսորը հույս հայտնեց, որ ֆիլմը կսիրվի հանդիսատեսի կողմից:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ղարաբաղում և այսպես կոչված պատերազմի սերնդի ներկայացուցիչ է: Այդ թեմային է նա նվիրել երկու կարճամետրաժ և երկու լիամետրաժ ֆիլմ:
«Վերջին բնակիչը» պատմում է 1988-89 թվականների իրադարձությունների մասին: Հիմնական իրադարձությունները տեղի են ունենում հայկական գյուղում, որտեղից տարհանում էին հայերին: Հերսոսը` Ագբարը, ում կերպարը մարմնավորել է Ալեքսանդր Խաչատրյանը, չի ցանկանում լքել հարազատ գյուղը, քանի որ նա առաքելություն ունի, որն իրագործելու համար նրան օգնության ձեռք է մեկնում ադրբեջանցի հարևան Իբրահիմը:
Իբրահիմի դերը կատարում է հայտնի իրանցի դերասան Հոմայուն Էրշադին, որն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմում:
Sputnik Արմենիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տեղեկատվական գործընկերն է: