ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Ծաղկաձորում հանդիսատեսի առջև ելույթ կունենան մնջախաղի վարպետներ աշխարհի տարբեր անկյուններից, լրագրողներին ասաց Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«Այս տարվանից փառատոնը կդառնա ամենամյա։ Բացի այդ, առաջին անգամ ներկայացումներ կցուցադրվեն Դիլիջանում»,- ասաց նա։
Դադասյանի խոսքով` այս տարի աննախադեպ քանակությամբ հայտեր են ստացվել փառատոնին մասնակցելու համար։
«Փառատոնին կմասնակցի էթնիկ պարային խումբ Գանայից, խումբը մտնում է Աֆրիկյան պարային ասոցիացիայի մեջ։ Դա բավական հայտնի խումբ է, որը շատ է շրջագայել աշխարհում»,- ասաց Դադասյանը։
Բացի այդ, Ծաղկաձոր կժամանեն արտիստներ ՀԱՀ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից։ Մասնակիցների թիվն ավելանում է։ Միաժամանակ հայտեր են ստացվել Իսպանիայի, Չեխայի, Իտալիայի և այլ երկրների թատերախմբերից, բայց մի քանիսի մոտ ֆինանսական խնդիրներ են ծագել (փառատոնի կազմակերպիչները վճարում են ծախսերը միայն Հայաստանում)։
Հետագայում նախատեսվում է փառատոնն անցկացնել հուլիսի վերջին, երբ Ծաղկաձորում հանգստի թեժ շրջան է։
Երևանցիներին թատերական գործողությունների վայր կտեղափոխեն երկու անվճար ավտոբուսներով։ Դադասյանը հուսով է, որ մայրաքաղաքի բնակիչները կկարողանան դիտել մնջախաղի ներկայացումներ նաև Հյուսիսային պողոտայում։
Դադասյանն ընդգծեց, որ մնջախաղի փառատոնը տարբերվում է մյուսներից. այն հասարակ ժողովրդի համար է։ Այստեղ չկան տոմսեր, ներկայացումները տեղի են ունենում փողոցում, և բոլորը կարող են դիտել դրանք։ Հենց այդ պատճառով փառատոնային ներկայացումներում միշտ անշլագ է։
Ծաղկաձորում ելույթ կունենան ոչ միայն միմեր, այլև կրկեսի դերասաններ և պարային խմբեր։
Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ներկա գտնվել վարպետության դասերին, որոնցից մեկը կանցկացնի հատուկ հյուրը Սերբիայից` Մարկո Ստոյանովիչը։
Լեոնիդ Ենգիբարովի անվան մնջախաղի 5-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում։ Փառատոնի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը։