ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնիգշտայնը կարծում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կսիրեն թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport-ը:
«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, լավագույնը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում, ու իսկապես մեծ հաճույք է տեսնել նրա խաղը: Նա հարձակողական կիսապաշտպան է, որը կարող է կատարել թե՛ փլեյմեյքերի պարտականություններ, թե՛ հանդես գալ այլ դիրքում»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով` Հենրիխի վերջին փոխանցումը փառահեղ է, նա բազմաթիվ գնդակներ է խփում ու արդյունավետ փոխանցումներ կատարում: Նա ճառագում է տեխնիկա ու նրբագեղություն:
«Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է. նրա հայրը ֆուտբոլիստ էր, քույրն աշխատում է ՈւԵՖԱ-ում ու նրանք շատ ինտելիգենտ են: Հենրիխը շատ կիրթ է, տիրապետում է մի քանի լեզուների ու չափազանց խելացի է: Նա այնքան էլ լավ չէր հանդես գալիս «Բորուսիայում» Կլոպի օրոք, սակայն Թոմաս Տուխելի հետ նախորդ մրցաշրջանում մեծ արդյունավետություն ցուցադրեց»,- ընդգծել է Հոնիգշտայնը։
Նա կարծում է, որ երկրպագուները կսիրեն նրան: Ժոզե Մոուրինյոյի թիմը պետք է լավ աշխատի Մխիթարյանի հետ ու նա պետք է ապացուցի, որ այն ֆուտբոլիստն է, ումից «Յունայթեդի» ֆանատները հաճույք կստանան, ասել է Հոնինգշտայնը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում: