ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հայաստանի պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից։
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները»,- ասված է հաղորդագրությունում։
Լարսի ճանապարհը դեռ բաց է միայն ցերեկային ժամերին` ժամը 05.30-ից մինչև 20.00-ն, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
• երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
• ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: