ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի-Sputnik. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ունենալու է ինչպես գլոբալ ազդեցություն, այնպես էլ առնչվելու է տարածաշրջանին ու հենց Հայաստանին, նշեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Գագաթնաժողովն առնչվելու է Հայաստանին այն տեսանկյունից, որ այնտեղ քննարկվելու են Ռուսաստանի հետ կապված հարցեր, դրա միջոցով անդրադառնալու են մեզ, քանի որ մեր անվտանգությունը, մեր ռազմատեխնիկական ապահովման, կադրերի պատրաստման գործընթացը կապված է Ռուսաստանի հետ։ Նաև մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհատական ծրագրին»,- նկատեց նախկին նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինեն ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները` հաշվի առնելով, որ Հայաստանը սահման ունի այդ կազմակերպության անդամ Թուրքիայի հետ, որի բանակը չափազանց հզոր է, Հարությունյանը նկատեց, որ ամեն ինչ պետք է գնահատվի այն սպառնալիքներից, որոնք ծառացած են պետության առջև։
«Ռազմական անվտանգության տեսանկյունից մենք աշխարհում ունենք երկու սպառնալիք` Ադրբեջանը և Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ըստ միջազգային իրավունքի` դա պատերազմական տարր է պարունակում։ Ռուսաստանի հետ մենք ապահովում ենք մեր անվտանգությունը, հիմնականում` Թուրքիայի դեմ»,- նշեց նա։
Դրանից էլ ելնելով, նրա կարծիքով, չի կարելի նույն հարթության վրա դնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները։
«Եթե նայենք Թուրքիայի բանակը, ապա Հայաստանի ռեսուրսները բավարար չեն նրան դիմակայելու համար։ Նրանց բանակի քանակը մոտ միլիոն է, մերը` 60 հազար։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Ռուսաստանի հետ 1992-ից ունենք պայմանագրեր։ Հիմնական խնդիրները, որոնք մենք լուծել ենք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ այսօր, մենք լուծել ենք Ռուսաստանի հետ համատեղ»,- շեշտեց նա։
Այնինչ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանին «որևէ բան չեն տվել ռազմատեխնիկական ապահովման տեսանկյունից, մեր կադրերը պատրաստվում են հիմնականում Ռուսաստանում», հիշեցրեց Հարությունյանը։
«Օրինակ` Վրաստանը և Ուկրաինան ամեն ինչ անում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, արդյունքում նրանք չունեն այն, ինչ մենք ունենք` մարտունակ բանակ, կադրերի պատրաստում։ Ավելին` խոսակցություններ կան, որ 25 տարի Ուկրաինան և Վրաստանը չեն կարող լինել անդամ, այնպես որ այդ ճանապարհը տանում է դեպի փակուղի»,- պարզաբանեց նախկին նախարարը։
Հարությունյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կողմնակից է բանակցությունների ճանապարհով խնդրի լուծման, նրա շահերից բխում է, որ այստեղ պատերազմ չլինի։
«Ապրիլյան գործողությունների ժամանակ ՌԴ-ն ամենաարագն արձագանքեց և կտրուկ քայլերի դիմեց, որ ռազմական բախումը չվերածվի լայնածավալ պատերազմի։ Մենք այդպիսի մոտեցում չենք կարող ակնկալել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»,- ասաց նա։
Ընդհանրապես, նրա խոսքով, լարման տանող քայլերը լինում են Արևմուտքի կողմից։ Անգամ 1945թ-ին պատերազմի ավարտից հետո սպառազինության մրցավազքը սկսեց Արևմուտքը, իսկ ԽՍՀՄ-ը փորձում էր դա չեզոքացնել։
«Առաջինը միջուկային զենք օգտագործել է ԱՄՆ-ն Ճապոնիայի դեմ, որն արդեն պարտված էր։ Այդ քայլը մեկ նպատակ ուներ` ցույց տալ ԽՍՀՄ-ին, որ ԱՄՆ-ն ունի հզոր զենք։ Այսօր մենք նույն բանն ենք տեսնում, մի տարբերությամբ, որ այս ամենը բերում է լուրջ հակամարտության, ես դա գնահատում եմ որպես ռազմաքաղաքական ճնշում Ռուսաստանի վրա, որպեսզի նա չկարողանա գործել այլ ճակատներում»,- նշեց Հարությունյանը։
Նա կարծում է, որ Արևմուտքը կորցնում է իր ազդեցությունը, իր տնտեսական, քաղաքական, ռազմական առաջնորդությունը, այդ կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի Ասիա։ Եվ խնդիր կա կանխել դա, տնտեսապես զսպել Չինաստանին և Ռուսաստանին։
«Ռուսաստանն այսօր միջուկային գերտերություն է, և ԱՄՆ-ն միշտ խուսափում է Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից, գնում է այլ ճանապարհով, օրինակ, գունավոր հեղափոխություններ է հրահրում, աշխատում է դժգոհություն առաջացնել երկրի ներսում, որ այդ միջոցով իրականացնել իշխանափոխություն»,- ասաց նա։
Այն մասին, որ ռուսները ղարաբաղյան թեժացումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է համարում, կարդացեք այստեղ>>
Հարությունյանը գտնում է, որ Ռուսաստանն այսօր ունի մեկ խնդիր` ապահովել իր անվտանգությունը։ ԽՍՀՄ փլուզումից հետո ակնհայտ է, որ Ռուսաստանը կրճատել է իր բանակը, լինելով Վիեննայի պայմանագրի մասնակից` Ռուսաստանն իր պարտավորությունները կատարել է և ոչնչացրել է եվրոպական մասում առկա ավել զենքը։
«Ո՞վ է դուրս եկել հակահրթիռային պայմանագրից, որը ստորագրվել է 70-ականներին, ԱՄՆ-ն։ Իսկ դա նշանակում է, որ նա հիմա մեծացնում է իր հակահրթիռային բաղադրիչը։ Սա Ռուսաստանի շուրջ ստեղծում է հակահրթիռային համակարգ, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի միջուկային ներուժը և կարողանա ճնշում գործադրել նրա վրա»,- նկատեց նախկին նախարարը։
Հարությունյանը կարծում է սակայն, որ դրանք անիմաստ գործողություններ են, ավելորդ ծախսեր։ Դա սպառազինության մրցավազք է, որի նպատակը ոչ թե ռազմական գործողություններն են, այլ Ռուսաստանի զարգացումը շեղելը, որպեսզի այդ երկիրը սոցիալական, քաղաքացիական ծախսերի փոխարեն իրականացնի ռազմական ծախսեր։