ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով`Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակում:
«Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը»,- ասել է Շավարշ Քոչարյանը։
Նա մեկնաբանել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը` օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ:
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ` հրավիրյալներից մեկը»,- ասել է Քոչարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։