ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հյուսիսային Օսիայից Երևան իրականացվող հատուկ չվերթերի ուղևորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված է փլուզվել, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ժամը 02.20-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթերի ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: