ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ժամը 02.20-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացու։ Այս մասին նշված է ՀՀ ԱԻՆ կայքում:
Ուղևորներին դիմավորել են ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Գիշերվա ընթացքում սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի:
Հունիսի 23-ին ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:
Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Զվարթնոց միջազգային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթերի ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: