ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Հայերն այս տարի դժվարանում են մեկնել արտերկիր արձակուրդային օրերը թեժ արևի ու ծովի ընկերակցությամբ վայելելու համար. ավիատոմսերի գները կտրուկ աճել են։ Ու դրանք որևէ կապ չունեն սեզոնայնության հետ, քանի որ այդ դեպքում ավիատոմսերի գները առավելագույնը կարող էին աճել 10 տոկոսով։ Տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը Sputnik Արմենիայի հետ զրույցում կոնկրետ օրինակ նշեց. եթե մեկ ամիս առաջ Երևան-Սոչի-Երևան չվերթն արժեր մոտ 75 հազար դրամ, ապա այսօր այն գրեթե եռապատկվել է։
«Նախորդ տարի Սոչիի տոմսը շատ ավելի էժան էր։ Օրինակ` 2015 թվականի հուլիսին գները մոտ 80-90 հազար էին։ Պիտի նոր ռեյսեր լինեն։ Հիմա ես չեմ կարողանում էժան փաթեթներով տոմսեր վաճառել, որովհետև մեկ ավիատոմսի գինն անցնում է 210 հազարը։ Էլ ի՞նչ փաթեթի մասին է խոսքը»,- ասաց աշխատակցուհին։
Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով, եթե մինչև ընթացիկ տարվա փետրվարը ամեն օր չվերթեր կային դեպի Սոչի, ապա այսօր շաբաթական 2-3 թռիչք է իրականացվում։ Գնային նույն քաղաքականությունն է գործում նաև եվրոպական երկրների ուղղություններով։ Օրինակ` եթե մեկ ամիս առաջ Կրետե կարելի էր մեկնել մինչև 330 եվրոյով, ապա այսօր այդ թիվը հասել է 390-400 եվրոյի։
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ այս հարցում Հայաստանը պետք է կիրառի բյուջետային ավիաընկերությունների համաշխարհային փորձը։ Օրինակ` նույն Վրաստանի Քութայիսիից այս տարվա սեպտեմբերից մեկնարկելու են «լոու քոստ» չվերթերը։ Հունգարական ընկերությունն առաջարկում է փոքր և քիչ ծախսատար ինքնաթիռներով, առանց ուղեբեռի ու բորտսննդի մեկնել եվրոպական ցանկացած երկիր` էժան գներով։
«50-60 եվրոյով մարդիկ կարող են մեկնել եվրոպական այն երկիր, որտեղ ցանկանում են։ Մեզ մոտ էլ կարող էին նման բան անել, ասենք, «Էրեբունի» օդանավակայանում։ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները շատ բարձր են»,-ասաց Շահեն Պետրոսյանը։
Պետրոսյանը հիշում է` 90-ական թվականներին Վրաստանից մարդիկ Հայաստան էին գալիս արտերկիր մեկնելու նպատակով։ Այսօր դերերը փոխվել են։ Էժան ավիատոմսեր գտնելու համար հայաստանցիները բռնում են Վրաստանի, մասնավորապես Թբիլիսիի ճանապարհը։ Իսկ էկոնոմիկայի նախարարության այն վստահեցումները, թե ուղղություններ կան, որ Հայաստանից ավելի էժան են, Շահեն Պետրոսյանը միֆ է համարում։ Այս ոլորտը, նրա խոսքով, նույնպես մոնոպոլիզացված է։
Պետրոսյանի կարծիքով` միայն մրցակցային պայմանները կարող են օգնել, որ հայաստանցիներն իրենց ամիսների աշխատավարձը չտրամադրեն միայն ավիատոմս գնելուն։ Իսկ այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ազգային ավիափոխադրող ունենալը։ Գաղտնիք չէ, որ դա ունի նախ ռազմավարական նշանակություն։
Շահեն Պետրոսյանը կարծում է, որ 50 միլիոն դոլարը բավարար է այդ գործընթացի համար։ Նա արդեն կառավարությանը դիմել է այս հարցով։ Սպասում է պատասխանի։