ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները, ովքեր Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով չկարողացան Երևան վերադառնալ ավտոբուսով, Երևան կտեղափոխվեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ավիացիայի աջակցությամբ, հայտնում է ԱԻՆ-ի Հյուսիս-Կովկաս տարածաշրջանային կենտրոնը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկություն էր տարածել, որ ջրհեղեղի և քարաթափության պատճառով ժամանակավորապես փակ կլինի Վերին Լարս անցակետը։
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Հայտարարվել էր, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ 20 օր: Հունիսի 28-ի դրությամբ, 28 ավտոմեքենա սպասում էր անցակետի բացմանը։
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը պլանավորում է սկսել Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը, ովքեր Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով չկարողացան Երևան վերադառնալ ավտոբուսով։ Միջոցառումներն իրականացնելու է ավիացիան։ Երևան նախատեսվում է տեղափոխել 147 մարդ», — գրված է հաղորդագրության մեջ։
Վրացական կողմը հայտնում է, որ ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն առնվազն երեք շաբաթ։