ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի-Sputnik. Sputnik. Կարծիք հարցախույզի տվյալով` Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հարցված բնակիչների ճնշող մեծամասնությունը (համապատասխանաբար 68%, 61%, 60%) կարծում է, որ միգրանտները պառակտում են հասարակությունը, քանի որ նրանք չեն ձգտում յուրացնել եվրոպական արժեքները և կենսակերպը։
Այս տվյալները հստակեցվել են Ifop ֆրանսիական հետազոտական ընկերության և Populus բրիտանական ընկերության անցկացրած հարցման արդյունքում։ Հարցման պատվիրատուն Sputnik տեղեկատվական գործակալությունն է։
«Արդյո՞ք համաձայն եք այն պնդմանը, որ միգրացիան պառակտում է հասարակությունը, քանի որ միգրանտներ չեն ձգտում յուրացնել եվրոպական արժեքները և կենսակերպը» հարցին Մեծ Բրիտանիայի բնակիչների 18%-ը, Ֆրանսիայում` 28%-ը և Գերմանիայում` 35%-ը բացասական պատասխան է տվել։ Չեզոք պատասխան է տվել Գերմանիայում և Ֆրանսիայում հարցվածների 4%-ը, Մեծ Բրիտանիայում` 22%-ը։
Մեծ Բրիտանիայում հարցախույզն անցկացրել է բրիտանական Populus հետազոտական ընկերությունը 2016թ-ի ապրիլի 15-21-ը։ Ֆրանսիայում և Գերմանիայում հարցախույզն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն ընկերություններից մեկը` IFop-ը, որը զբաղվում է հասարակական կարծիքի հարցումներով 2016թ.-ի ապրիլի 14-18-ը։ Հարցմանը մասնակցել է 3042 մարդ, որոնցից 989-ը` Գերմանիայից, 1008-ը` Ֆրանսիայից, 1045-ը` Մեծ Բրիտանիայից։
Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների վստահության միջակայքը տատանվում է +/- 3,1%-ի սահմաններում` 95% վստահության հավանականության դեպքում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: