ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, ոչ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է շարունակի հանդես գալ ազգային թիմի կազմում և 2018 թ-ին պետք է մասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ասոշիեյթեդ Պրեսս գործակալությանը։
Հունիսի 26-ին Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում Արգենտինայի և Չիլիի հավաքականների խաղի ժամանակ արգենտինացիները չեն կարողացել իրացնել 11-մետրանոցը։ Խաղից անմիջապես հետո Մեսսին հայտարարել է, որ լքում է հավաքականը` նշելով, որ ազգային թիմից հեռանալը լավագույն տարբերակը կլինի բոլորի և իր համար։
«Մեսսին պետք է մնա հավաքականում։ Նա բավականաչափ ուժ ունի, որպեսզի երկար ժամանակ հանդես գա հավաքականի կազմում և Ռուսաստանում պայքարի Աշխարհի առաջնությունում հաղթելու համար»,- ասել է Մարադոնան։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգել է Մեսսիին և խնդրել է չլքել ազգային հավաքականը, իսկ երկրպագուները փորձում են 29-ամյա ֆուտբոլիստին համոզել, որ հրաժարվի իր որոշումից։ Սոցցանցերում ավելացել է #NoTeVayasLio (Մի՛ հեռացիր, Լեո) հեշթեգը։
Մեսսին ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2005թ.-ին։ Թիմի կազմում անցկացրել է 112 խաղ, դարձել 55 գոլի հեղինակ, ինչը գոլերի քանակով ռեկորդ է Արգենտինայի հավաքականի համար։ Մեսսին դարձել է 2014թ.-ի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր։ 2008թ.-ին նա Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել։