ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հունիսի 27-29-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվելու են նախագահի, փոխնախագահի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ։
Ինչպես նշել է Ակադեմիայի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը, առայժմ հայտնի չէ` գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կրկին կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ավելի վաղ նշել էր` Ակադեմիայի մասին օրենքում սահմանված է (հոդված 18), որ նույն անձը չի կարող ընտրվել Ակադեմիայի նախագահ ավելի քան երկու անգամ անընդմեջ։ Հետևաբար, եթե չկան օրենքի այլ մեկնաբանություններ, ապա գործող նախագահը չի կարող մասնակցել այս ընտրություններին։
Նույն օրենքը նաև սահմանում է, որ Ակադեմիայի նախագահ և նախագահության անդամներ ընտրվում են ակադեմիկոսների և թղթակից անդամների թվից։ Նրանց միջին տարիքը մոտ է 70-ին, հետևաբար Ակադեմիայի նախագահի, նախագահության և բաժանմունքների լուրջ երիտասարդացում չի լինի։ Մյուս կողմից՝ տարիքը երկրորդական է։ Ակադեմիայի նախագահը, առաջին հերթին, պետք է լինի գործող, ակտիվ, փայլուն գիտնական, գիտնական, ում աշխատանքները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։