ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետև անվանական ծառ տնկեց հուշահամալիրի տարածքում գտնվող ծառուղում։
Հռոմի պապը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և ծափերի ներքո ուղևորվեց Գյումրի, որտեղ սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:
Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք։