ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու, Sputnik Արմենիային հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», —փոխանցեց Մելիքյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան է ժամանելու հունիսի 22-ին` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Այդ մասին հրապարակվել էր Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում: Արամ Աթեշյանը Հայաստան պետք է գար Ռուսաստանից, որտեղ մեկնել էր հունիսի 15-ին:
Հայաստանում Աթեշյանի նկատմամբ զայրույթ է առաջացել այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը հաջորդեց Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որով արտահայտել էր իր զղջումը Գերմանիայի արարքի համար և ներողություն էր խնդրել:
Դրանից հետո Հայաստանում սկսեցին դեմ արտահայտվել Աթեշյանի հայաստանյան այցին։ Նույնիսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ միջոցառում, որին միացել էր ԱԺ 28 պատգամավոր: