Չեմ կարող ասել` ինչի մասին է խոսվել հանդիպումների ժամանակ, ու ի վերջո ինչ որոշումներ են կայացվել, ինչպես են զարգանալու դեպքերը Ղարաբաղում: Հանրությանն այդ հանդիպումից ընդամենը մի կարճ հայտարարություն է հասել, որից առանձնապես շատ բան չէր հասկացվում:
Դեռ սպասելու ենք փորձագետների ու վերլուծաբանների կարծիքներին` միաժամանակ մանրամասն ուսումնասիրելով այն ամենը, ինչ ասելու են պաշտոնատար անձինք պետերբուրգյան հանդիպման կապակցությամբ:
Ես անձամբ կասեի, որ բավականին լուրջ հաղթանակ է տեղի ունեցել: Հասկանում եմ, որ Հայաստանում այս օրերին շատերը հակառակ կարծիքն ունեն ու երկար-բարակ խոսելու են այն մասին, որ հանդիպումն ինքնին անհասկանալի էր, որ գուցե հանդիպման կարիք էլ չկար։ Արևմտամետները հաստատ կասեն, որ Հայաստանն ավելի ճիշտ կաներ` իր ներքին խնդիրների մասին մտածեր, օլիգարխիայի մոլուցքի դեմ կարողանար պայքարել, քաղաքական բանտարկյալների քանակը չավելացներ և այլն։
Չգիտեմ, գուցե այդ ամենն իսկապես տեղին ու ճիշտ է: Ու համոզված եմ, որ օլիգարխիայի դեմ իսկապես անհրաժեշտ է շատ խիստ պայքարել: Սակայն այն ամենն, ինչը Ղարաբաղին է վերաբերում, պետք է սառնասրտորեն կշռադատել, իրական դեպքերից ելնել ու տեղին ձևակերպումներ անել։
Իսկ այդ ձևակերպումները հետևյալն են. ըստ այն կցկտուր հայտարարության, որ Սանկտ Պետերբուրգից ենք ստացել, կարելի է ասել, որ այդ հանդիպումը Հայաստանի համար ներկա պայմաններում փոքրիկ, բայց հաղթանակ էր: Հասկանում եմ, որ շատերը հիմա հակառակն են ասելու՝ ցանկանալով տապալել Ղարաբաղյան հարցում միջնորդ հանդես եկող Ռուսաստանին:
Բայց Մոսկվան իրականում իսկապես որոշ հարցեր կարողացավ լուծել: Ու այդ հարցերը մեզ` հայերիս համար անչափ կարևոր էն քաղաքական տեսանկյունից:
Ինչպես նշված է Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում տարածված հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Այդ նպատակով նրանք համաձայնել են, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:
Նախագահները նշել են իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին:
Իսկ մենք արդեն երկար տարիներ քաղաքական ու դիվանագիտական ասպարեզներում փորձում ենք այնպես անել, որ ղարաբաղյան շփման գծում հնարավորինս շատ միջազգային դիտորդներ լինեն: Որքան շատ, այնքան լավ մեզ` հայերիս համար:
Դիտորդներ, որոնք ցանկացած կրակոց կամ ռմբակոծություն կգրանցեն ու միջազգային հանրությանը ճիշտ ձևով կներկայացնեն` ասելով, թե ով է կրակել, ով է սկսել ռազմական գործողությունները:
Իրականում եթե այդ տեսանկյունից դիտենք այն ամենը, ինչ Պետերբուրգում տեղի ունեցավ, ապա իսկապես պետք է ընդունենք` մենք ինչ-որ հարցում հաղթել ենք, քանի որ ցանկացած կրակոցի հեղինակը հայտնի է դառնալու միջազգային հանրությանը: Ու դա իսկապես հաջողություն է, քանի որ երկար տարիներ հայկական կողմը հենց դա էր պնդում բոլոր միջազգային կառույցներում: Դա փոքրիկ, բայց հաղթանակ է:
Իսկ մենք դեռ ստիպված ենք բավարարվել այն պաշտոնական հայտարարությամբ, որը լրահոսն է մեզ ներկայացնում: Ու կսպասենք փորձագետների ու մեկնաբանների վերլուծություններին ու պաշտոնական գնահատականներին: Կրկնում եմ, շատ են քննադատելու պետերբուրգյան հանդիպումը, բայց որպես լրագրող, որը հենց սկզբից լուսաբանել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, համոզված եմ` Պետերբուրգում տեղի է ունեցել այն, ինչը երկար տարիներ Ամերիկայի Միացյալ նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները չէին կարողանում անել:
Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: