Գոհար Սարգսյան, Sputnik.
2001 թվականի սեպտեմբերի 25-ն էր։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ժամանեց Հայաստան։ Հենց օդանավակայնում Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր հիացմունքը հայտնեց այցի առիթով։
«Համայն կաթոլիկ եկեղեցին կիսում է ձեր և բոլոր հայերի ուրախությունը»,-ասել էր Սրբազան Քահանայապետը։
Հռոմի պապը եկավ եռօրյա այցով, սակայն նրա օրակարգը հագեցած չէր։ Այցելություններ եղան Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ։ Գյումրի չայցելեց, ասում են` վատառողջության պատճառով։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հռոմի պապը խոնարհվեց ու աղոթք կարդաց։ Նա Կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
«Առաջին անգամ հռոմեական կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես հայտարարեց դրա մասին` խնդրելով նաև աղոթել մեր վիրավոր նահատակների համար, արդարության կոչ անելով»,-ասաց Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։
Հռոմի Հովհաննես Երկրորդ պապի այցելությունը մի հետաքրքիր նախադեպ ձևավորեց. նա 3 օր բնակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
«Ընդհանրապես նրանք չեն բնակվում տվյալ եկեղեցու տարածքում, բնակվում են կամ հյուրանոցում, կամ իրենց համար նախատեսված պետական կառույցներում։ Հովհաննես Պողոս Երկրորդով հրաշալի ավանդույթ մտավ, որ Հռոմի պապերը, երբ այցելում են Հայաստան, բնակվում են հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,-ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։
Անցան տարիներ։ 2014 թվականին Գարեգին Բ Հայրապետն այցելեց Վատիկան և Բենեդիկտոս 16-րդին հրավիրեց այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Նրա այցը չկայացավ, քանի որ Հռոմի պապը պատկառելի տարիքի պատճառաբանությամբ կամովին հրաժարվեց գահից։
Շատ ժամանակ չանցավ, հետևեց այցելության հաջորդ առաջարկը, այս անգամ` Հռոմի Ֆրանցիսկոս պապին։
«Սրբազան Քահանայապետի այցելությունը եզակի է իր նշանակությամբ, քանի որ առհասարակ Հռոմի պապն այցելում է կաթոլիկ երկրներ, որտեղ իր հավատացյալներն են։ Ինքը` Ֆրանցիսկոս պապը նշեց, որ ուխտագնացություն է կատարվում առաջին քրիստոնյա երկիր` հաղորդ դառնալու հայ եկեղեցու և հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգությանը։ Սա ևս մեկ անգամ մեզ մտածելու տեղիք պիտի տա` հասկանալու համար ինչքան օրհնված ժողովուրդ ենք, որ Քրիստոսին առաջինն ենք ընդունել մեր սրտում, մեր հոգում, և առաջին քրիստոնյա պետությունն ենք»,-ասաց Sputnik-ի զրուցակիցը։
Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում թեև կաթոլիկ մեծ համայնք չկա, բայց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր եղբայրական այցն է կատարում այս երկիր` միասնաբար աղոթելու Սուրբ եկեղեցու անսասանության և ամբողջ աշխարհի խաղաղության համար։
Թե ինչու Հռոմի պապը որոշեց այցելել Հայաստան, կարդացեք այստեղ>>
2015 թվականին էլ պատմության մեջ երկրորդ անգամ Հռոմի պապը մատուցվող պատարագի ընթացքում կրկնեց Հովհաննես Պողոս Երկրորդի խոսքերը` 20-րդ դարի իրադարձություններն անվանելով «ցեղասպանություն» և համայն մարդկությանը կոչ անելով` դարմանել այն վերքը, որը 100 տարի անց էլ բաց է, չի սպիացել։ Պապի խոսքերը արձագանք են գտնում կաթոլիկ երկրներում։