Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ում ազգային թիմի հավաքի և ընկերական հանդիպումների, առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին։
- Պարոն Սուքիասյան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս ընթացավ հավաքականի ամերիկյան հավաքը:
— Տղաները հավաքի ընթացքում լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցին. ինձ բավարարեց: Բոլորը մեկ մարդու պես իրենց արդարացրին թե՛ խաղային, թե՛ կենցաղային հարցերում:
- Ձեր դիտարկմամբ ինչպիսի՞ն ստացվեցին ընկերական հանդիպումները Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ:
— Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակիցներին և կարողացանք 2 խաղերում էլ մեր ֆուտբոլն առաջադրել: Արագ և հարձակվողական խաղը, որը ես ցանկանում եմ, մեծ հաշվով տեսա: Ինձ ուրախացրեց, որ նորեկները հնաբնակների հետ լավ համագործակցեցին:
- Ի՞նչ բացթողումներ ունեցավ հավաքականն այդ խաղերում:
— Պաշտպանությունում որոշակի խնդիրներ ունենք, բացի այդ դարպասապահի հարց կա: Ճիշտ է՝ Բեգլարյանն իրեն արդարացրեց, սակայն շատ ավելի ուժեղ դարպասապահ է հարկավոր հավաքականին:
- Իսկ Գևորգ Կասպարո՞վը:
— Ես մտադիր եմ տեղ տալ երիտասարդ դարպասապահի:
- Նորեկների մասով ի՞նչ կասեք:
— Բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Ամեն դեպքում, եթե Գոռ Մալաքյանն ու Տիգրան Բարսեղյանը 2 տարի առաջ հրավիրվեին, մենք ավելի ուժեղ հավաքական կունենայինք:
- Յուրա Մովսիսյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել. արդյո՞ք հետագայում հրավիրվելու է հավաքական:
— Չէի ասի արդյունավետ: Իհարկե, առաջընթաց կա, սակայն ինձ դեռ չի բավարարում: Հետագայում գուցե կրկին անդրադառնանք այդ հարցին: Ինձ համար կարևոր են ֆուտբոլիստների ոչ միայն խաղային առումները, այլ նաև երկաթյա կարգապահությունը: Մովսիսյանի հարցը փակված չէ, անպայման կանդրադառնանք:
- Հավաքականի համար Ձեր դիտակետում նոր ֆուտբոլիստներ ունե՞ք:
— Այս պահին ոչ: Մեզ համար կարևոր է պահպանել և ամրապնդել հիմնական կորիզը: Նորեկները և հնաբնակներն ի զորու են անել դա:
- Նոր ընկերական հանդիպում սպասվո՞ւմ է:
— Ըստ ամենայնի՝ օգոստոսին ընկերական խաղ կանցկացնենք Չեխիայի հետ մրցակցի հարկի տակ: Այդ հանդիպման հարցը բանակցային փուլում է: Մտադիր ենք այդ խաղից հետո ուղևորվել Դանիա մասնակցելու ԱԱ-2018-ի մեկնարկային խաղին:
- «Արարատի» վերաբերյալ ի՞նչ նորություններ ունեք:
— Մոտ օրերս հրաժարական եմ տալու: Ինձ տնօրինությունից ասացին, որ մտադիր են հեռանկարային թիմ ստեղծել, որը համապատասխան չէ իմ ծրագրերին: Ես ամեն ինչ արել եմ մարտունակ կազմ ունենալու համար: Շնորհակալ եմ այս ընթացքում համագործակցության համար. պարզապես մեր հայացքները չեն համընկնում: