ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մարիո Ռայոլան նշել է, որ չի կարելի բացառել Մխիթարյանի անցումը «Մանչեսթեր Յունայթեդ», գրում է sovsport.ru-ն` հղում անելով The Telegraph-ին։ Տվյալ պահին գերմանական ակումբը հրաժարվում է վաճառել հայ կիսապաշտպանին։
«Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը։ Ես դրական մարդ եմ։ Ես ձեռնամուխ չէի լինի այս գործին, եթե վստահ չլինեի, որ մենք կարող ենք որոշակի արդյունքի հասնել։ Ես շատ հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Հենրիխին տեսնել իր թիմում։ Բանակցություններն ընթանում են լավ մթնոլորտում, բայց «Բորուսիան» նախկինի նման հրաժարվում է վաճառել նրան»,- մեջբերում է հրատարակությունը Ռայոլայի խոսքերը։
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նախօրեին ասել էր, որ ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել` չվաճառել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ավագը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական գրանդը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը: