ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:
Հունիսի 18-ին Կարելիայի Պրյաժինի շրջանում՝ Սյամոզերո լճի վրա, նավակ է շրջվել, զոհվել է 13 երեխա։ Վերջին տվյալներով` Սյամոզերո լճում հանգստացողները երեք նավակներով և լաստով հայտնվել էին փոթորկի մեջ։ Նավակներում եղել է 47 երեխա:
Քննիչները ձերբակալել են երկու հրահանգիչներին, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։ Ոստիկանները հարցաքննում են տուժածներին և ճամբարի աշխատակիցներին։