ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունից հետո, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», «Բորուսիայի» երկրպագուները սկսեցին դժգոհել հայ ֆուտբոլիստից, գրում է armsport-ը։
Երկրպագուները սոցիալական ցանցերում սկսեցին գրոհել Մխիթարյանի էջերը. եթե նախկինում ռուրյան ակումբի աջակիցները հիանում էին Հենրիխով և խնդրում մնալ թիմում, ապա այժմ 27-ամյա ֆուտբոլիստին անվանում են անշնորհակալ և նույնիսկ` դավաճան:
Armsport.am-ը զրուցել է Ռուբեն Հովհաննիսյանի հետ, ով բնակվում է Գերմանիայում և 2011 թվականից «Բորուսիայի» երկրպագուն է:
- Ռուբեն, ինչո՞ւ են «Բորուսիայի» երկրպագուները փոխել Մխիթարյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը:
— Տեղացի շատ երկրպագուներ դժգոհ են նրա որոշումից և չեն հասկանում այն: Մխիթարյանը միայն մեկ լավ մրցաշրջան է անցկացրել, իսկ այժմ ուզում է հեռանալ: Ցավում եմ, բայց իմ ընկերներն ու ծանոթները փոխել են նրա մասին կարծիքը: Բայց դա նրա ընտրությունն է, և մենք դրա դեմ ոչինչ չենք կարող անել: Առանց նրա էլ «Բորուսիան» լավ պոտենցիալ ունի:
- Սոցիալական կայքերում ոմանք Մխիթարյանին դավաճան են անվանում: Բայց նա դժվար թե «Բավարիա» կամ «Շալկե» տեղափոխվի։
— Այո, բայց հիմա նրա նկատմամբ վերաբերմունքը գրեթե այնպիսին է, ինչպես Գյոտցեի կամ Հումելսի նկատմամբ: Չեմ կարծում, թե հետագայում որևէ մեկը կհագնի նրա ազգանունով խաղաշապիկը:
- Իսկ անձամբ Դուք ի՞նչ եք մտածում Մխիթարյանի տեղափոխության մասին:
— Այսպես ասեմ. դա վատ որոշում է:
- Դա վատ որոշում է «Բորուսիայի» երկրպագուների՞, թե՞ Մխիթարյանի համար:
— Բոլորի համար: Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդում» նա դժվարությունների կհանդիպի: Ժամանակ կպահանջվի, որպեսզի նա այնքան լավ խաղա, ինչպես հիմա: Հենրիխը վատ գործակալ ունի:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նախօրեին ասել էր, որ ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել` չվաճառել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ավագը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական գրանդը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ սպառվում է 2017 թվականի ամռանը: