ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին հունիսի 19-ին նշում է Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը, հայտնում է Արարատյան հայրապետական թեմի կայքը։
Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:
Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: