ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ֆուտբոլի լեգենդ, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Օլիմպիական շքանշան ստացավ, գրված է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադա-2016-ի պաշտոնական կայքում։
Շքանշանը Պելեին նրա հարազատ Սանտոս քաղաքում հանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։
«Պելեն օլիմպիական արժեքների, ընկերության և հարգանքի օրինակ է իր բոլոր գործերում, ինչպես դաշտում այնպես էլ դաշտից դուրս։ Մարդկանց մեծամասնությունը, այդ թվում` ես, անձնական մեծ կապվածություն ունեն այդ մեծ մարզիկի նկատմամբ»,- ասել է Բախը։
1999 թվականին ՄՕԿ-ը Պելեին անվանեց հարյուրամյակի մեծագույն մարզիկ, թեև հայտնի բրազիլացին ոչ մի անգամ չի մասնակցել օլիմպիական խաղերին։
Օլիմպիական շքանշանը, որը նրան շնորհել են օլիմպիական շարժման մեջ նրա ունեցած հատուկ վաստակի համար, հիմնվել է 1974 թվականին։
«Ես խաղում էի այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ մարզիկները չէին կարող մասնակցել Օլիմպիադային։ Ես սիրում եմ կատակել, թե միակ պատճառը, որ Բրազիլիան ոչ մի անգամ օլիմպիական ոսկե մեդալ չի նվաճել ֆուտբոլում, այն է, որ ես չէի խաղում», — կատակել է Պելեն։