ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կառավարությանն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է որոշ դեղերի ներմուծումն ու իրացումն ազատել ԱԱՀ-ից։
Կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում մերժեց այդ նախաձեռնությունը` այն հիմնավորմամբ, որ այդ արտոնությունը հասցեական չէ, այսինքն` տվյալ դեպքում արտոնությունից կօգտվեն ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ հասարակության մյուս շերտերը։
«Պատգամավորները ենթադրում են, որ դրա հետևանքով գները կիջնեն։ Այնինչ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դեղերի բնագավառում, ի թիվս այլ ապրանքների, շատ մեծ չէ էլաստիկությունը առաջարկի և պահանջարկի միջև»,-ասաց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը։
Կառավարության մյուս փաստարկները, ըստ Սաֆարյանի, վարչարարական խնդիրներ են։ Օրենքն ընդունվելու դեպքում դժվարություններ կստեղծվեին հարկային ծառայությունների համար և լրացուցիչ ծախսեր են ենթադրելու։
Սաֆարյանի խոսքով` կառավարությունն ավելի հասցեական ծրագիր է իրականացնում, այն է` սոցիալապես անապահով խավի առանձին խմբերի անվճար հիմունքով դեղեր են հատկացվում։
Կառավարությունը հաստատեց Սաֆարյանի հիմնավորումները։
Կառավարության նիստից հետո Sputnik Արմենիան առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց` դեղերի մասին նոր օրենքի ընդունումից հետո ինչ գործընթացներ կան։ Նա պարզաբանեց, որ դեղերի մասին նոր օրենքի ստորագրումից միայն 6 ամիս անց են սկսվելու համապատասխան գործողությունները։
«Կանոնակարգվելու են պետության կողմից փոխհատուցվող դեղերի գները և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններ, որոնք բերելու են որակական ցուցանիշների վերահսկման խստացմանը, մատչելիությանը։ Ավելի մոտիկ ենք լինելու միջազգային նորմատիվ դաշտին»,-ասաց Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ ամենամսյա կտրվածքով ներկայացվում են ամենապահանջված 50 անուն դեղերի գնացուցակները։
«Դուք կարող եք գների նվազումն արդեն այսօր տեսնել, որովհետև օրեցօր շուկայական գները փոխվում են։ Հայաստանում ամեն ամիս մենք տալիս ենք վաճառվող առաջին 50 դեղերի գնացուցակը։ Վերջին մեկ տարում նվազումն ավելի շատ է եղել, քան թանկացումը»,-ասաց նա։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հունիսի 6-ին 5 դեղագործական ընկերությունում իրականացրել է 54 անուն դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
Նշենք, որ նախարարության ներկայացրած տեղեկատվությունը փաստում է, որ եղել են դեղերի գների ինչպես նվազման, այնպես էլ ավելացման դեպքեր։ Օրինակ` եթե Կոնկոր 5 մգ դեղամիջոցի գինը նվազել է 200 դրամով, ապա Դետրալեքս 500 մգ կամ Պիմաֆուցին 100 մգ դեղերի գինն ավելացել է գրեթե 500-ական դրամով:
Դեղերի մասին նոր օրենքը, ըստ նախարարի, կհարվածի ոլորտում մենաշնորհային դաշտին։ Մուրադյանը հաստատեց, որ մշակվելու են համապատասխան մեխանիզմներ, որոնցով մենաշնորհները զարգանալու քիչ հնարավորություն կունենան։