ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթը հիշեցնում է, որ հունվարին կրթության և գիտության` այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանն ընկել էր սառույցի վրա և կոտրել ոտքը։ Ողջ մամուլն այդ օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաև, որ նա վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Ինչ-որ ժամանակ նա աշխատում էր տնից, ապա ձեռնափայտով էր դուրս գալիս։
«Երբ եկել է երկաթները հանելու ժամանակը, պարզվել է, որ ոտքը սխալ է կպել, և նոր վիրահատության կարիք կա։ Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» է, և նա որոշել է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել է արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության է ենթարկվել»,- նշված է հոդվածում։
Օրաթերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել հենց իրենից, սակայն նախկին նախարարը դեմ է եղել իր ոտքը կրկին «նյուզմեյքեր» դարձնելուն և հիշեցրել, որ առողջական հարցերը բժշկական գաղտնիք են ենթադրում և անձնական կյանքի անձեռնմխելիություն։ Բայց հաստատել է, որ այժմ գտնվում է արտերկրում՝ Բելգիայում, արձակուրդն է վայելում, մեկ շաբաթից կվերադառնա և անպայման ցույց կտա ոտքը։