ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ իրավիճակը, հայտնում է armsport կայքը:
«Մի քանի շաբաթ առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը Միկիին խոստացել է, որ ամռանը նա կկարողանա այլ թիմ տեղափոխվել:
Բայց նրանք, ինչպես երևում է, վախեցել են սեփական երկրպագուներից և հանկարծ սկսել են խոսել այն մասին, որ Հենրիխը պետք է մինչ պայմանագրի ավարտը (2017 թվականի ամառ) մնա թիմում: Դա շատ վատ որոշում է»,- նշել է Ռայոլան:
Նա չի հասկանում, թե ինչու է «Բորուսիան» Հումելսին զիջում իր թշնամուն («Բավարիային») և դրա հետ մեկտեղ` փորձում է իր կազմում պահել Միկիին: Նրա կարծիքով` գործերն այդպես չեն արվում:
«Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», և սա նրա համար յուրահատուկ շանս է»,- նշել է Ռայոլան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Չելսին», իսկ «Բորուսիան» պատրաստ է 25 միլիոն ֆունտի (31,5 միլիոն եվրո) դիմաց վաճառել նրա տրանսֆերը: