ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի-Sputnik. Sputnik.Կարծիք հարցախույզի տվյալներով` Եվրոպայի հարցված բնակիչների կեսից ավելին` 47 տոկոսը, հանդես է գալիս 2016թ.-ի հունիսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին։
Նման կարծիք ունի Իտալիայի բնակիչների կեսից ավելին` 51 տոկոսը, Գերմանիայում և Ֆրանսիայում կողմ են արտահայտվել բնակիչների համապատասխանաբար 48 և 43 տոկոսը։ ԱՄՆ-ում ամերիկացիների 29 տոկոսը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին։
Հարցումն անցկացրել են Ifop ֆրանսիական հետազոտական ընկերությունը և Populus բրիտանական ընկերությունը` Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։
Պատկերն այլ է ԱՄՆ-ում։ Այն հարցին, թե «պե՞տք է արդյոք հանել կամ երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 2016թ.-ի հունիսին», ամերիկացիների 42 տոկոսը հանդես է եկել երկարացման օգտին։ Գերմանիայում և Ֆրանսիայում այդ տոկոսը կազմել է համապատասխանաբար 31 տոկոս և 29 տոկոս, և իտալացիների միայն 27 տոկոսն է այդպես կարծում։ Նրանց թիվը, ովքեր չեն կարողացել կողմնորոշվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, Գերմանիայում կազմել է 21 տոկոս, Իտալիայում` 22, Ֆրանսիայում` 28, ԱՄՆ-ում 29։
Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցներն ընդունվել են 2014թ.-ին։ Երկրի պատժամիջոցների երկարացման մասին վերջնական որոշումը ԵՄ-ն պետք է ընդունի մինչև 2016թ.-ի հունիսի վերջ։
ԱՄՆ-ում և Իտալիայում հարցախույզն անցկացրել է բրիտանական Populus հետազոտական ընկերությունը 2016թ.-ի ապրիլի 15-21-ը։ Ֆրանսիայում և Գերմանիայում հարցախույզն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն ընկերություններից մեկը` IFop-ը, որը զբաղվում է հասարակական կարծիքի հարցումներով 2016թ.-ի ապրիլի 14-18-ը։ Հարցմանը մասնակցել է 4010 մարդ ԱՄՆ-ից (1002 մարդ), Գերմանիայից (989 մարդ), Ֆրանսիայից (1008 մարդ) և Իտալիայի (1011մարդ)։
Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների վստահության միջակայքը տատանվում է +/- 3,1%-ի սահմաններում` 95% վստահության հավանականության դեպքում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: