Հնագույն եկեղեցիներով ու վանքերով շրջապատված, աստղադիտարանով աշխարհին հայտնի Բյուրականը, որ միայն այսքանով արդեն իսկ հայաստանյան զբոսաշրջության կայուն բաղադրիչներից մեկն է, որոշել է աշխարհին ներկայանալ նաև նոր կողմով ու դառնալ նաև մշակութային զբոսաշրջության ուղղություն։
Շուրջ մեկ տարի առաջ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնած Բյուրականի երաժշտական ակադեմիան, հիմնադիրների համոզմամբ, հավակնում է դառնալ մշակութային այն կենտրոնը, որ պետք է գրավի արվեստասեր զբոսաշրջիկներին։
«Չի կարելի այդ հզոր պոտենցիալը չօգտագործել, չի կարող Հայաստանում լինել մի փառատոն, որն առաջատար է տարածաշրջանում։ Հարևան երկրներում չկան նման մեխանիզմներ, չեն գնում նման աշխարհահռչակ երաժիշտներ ու նվագախմբեր, ինչպիսիք Հայաստան են գալիս, և դա չի կարելի չօգտագործել։ Պարզապես պետք է ճիշտ հունի վրա դնել, և դրա շնորհիվ մենք տարածաշրջանում առաջատար կդառնանք զբոսաշրջության բնագավառում»,- նշում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։