ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Բրիտանական 80 դպրոցում աշակերտական չեզոք համազգեստ սահմանելուց հետո տղաները ցանկության դեպքում կարող են կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկները` անդրավարտիք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sunday Times պարբերականին:
Ինչպես նշում է թերթը, նորամուծությունը կառավարության կողմից ֆինանսավորվող արշավի մի մասն է, որի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել այն երեխաներին, որոնք վստահ չեն իրենց գենդերային պատկանելության հարցում: Մի շարք դպրոցներ որոշել են չեղարկել տղաների և աղջիկների համար նախատեսված համազգեստի սահմանափակումները կամ փոխել կանոնները և հինգ տարեկան աշակերտներին թույլ տալ կրել այն համազգեստը, որը նրանք են նախընտրում:
Թերթի տվյալով` Բիրմինգեմի Allens Croft դպրոցն առաջին կրտսեր դպրոցն է, որը հայտնել է գենդերային չեզոք համազգեստ կիրառելու մասին: Նոր կանոնների համաձայն` տղաները կարող են սև կամ մոխրագույն կիսաշրջազգեստ կրել, իսկ աղջիկները` նույն գույների անդրավարտիք:
«Allens Croft-ում փորձում են պաշտպանել յուրաքանչյուր երեխայի՝ սեփական գենդերային պատկանելությունն ու անհատականությունն արտահայտելու իրավունքը», — գրված է դպրոցի կանոնների մեջ: Նշվում է նաև, որ դպրոցը չի պարտադրում կոնկրետ հագուստ կրել:
Ինչպես նշում է պարբերականը` որոշ քրիստոնեական կազմակերպություններ հայտարարել են, որ նման նորամուծությունները կարող են շփոթեցնել դպրոցական փոքր տարիքի երեխաներին և ընկճել միջին դպրոցի աշակերտներին: