ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի-Sputnik. Վրաստանի ցամաքային վաշտը չի կարողացել մասնակցել Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա 2016» զորավարժություններին ջրծաղիկով հիվանդ երկու զինծառայողների պատճառով, հաղորդում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Վիրուսը փոխանցվել է զինծառայողներին իրենց երեխաներից։
Վաշտի փոխարեն որպես հյուր կմեկնի Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, իսկ որպես դիտորդներ կմեկնեն Արևմտյան հրամանատարության ղեկավար Շալվա Ջաբախիձեն և Արևելյան հրամանատարության հրամանատարի պաշտոնակատար Գեորգի Մաթիաշվիլին։ Նրանք հունիսի 17-ին կմեկնեն Լեհաստան։
«Հիվանդության փաստը բացահայտելու հետ կապված` Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում որոշում է ընդունվել, որ վաշտը չի մասնակցի «Անակոնդա 2016» միջազգային զորավարժություններին` դրանց մասնակցող զինվորականների շարքում վիրուսի տարածումը կանխելու նպատակով»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։