ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթին Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբետը, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհանես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները: Նա մրցույթին կմասնակցի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Կուրբետը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում` ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:
Ի դեպ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը վերոնշյալ մրցույթի դափնեկիր է:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 13-18-ը ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում։ Մրցույթին կմասնակցեն պատանի դաշնակահարներ Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 հազար ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:
Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել հայտնի դաշնակահարներ Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և մյուսները:
Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում` բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվի ուղիղ և առցանց։